Ադրբեջանը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռ
Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռն ու այս կապակցությամբ ներողություն է խնդրել Ռուսաստանից։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ստացած տեղեկության համաձայն՝ նոյեմբերի 9-ին ժամը 18:30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը: Այս առումով պետք է ընդգծել հետևյալը. -ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտակայքում, մինչ ակտիվ ռազմական բախումները շարունակվում են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության գոտում; – թռիչքն իրականացվել է մութ ժամանակ, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս; – ՌԴ օդուժի ուղղաթիռները նախկինում չեն թռչել նշված տարածքում:
Այս գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի ու հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական պատրաստվածության բարձրացման ֆոնին հերթապահ մարտական անձնակազմը որոշել է խոցել ուղղաթիռը: Ադրբեջանական կողմը հայցում է ռուսական կողմի ներողամտությունը դժբախտ պատահարի բնույթ կրող այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որն ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ: Ադրբեջանական կողմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում: Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/307356.html
© factor.am
