Ադրբեջանը զբաղված է իր համար խայտառակ հեղինակության քարոզչությամբ. «Ազադլըգ»
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 22 տարիների ընթացքում զբաղված է եղել իմիտացիայով, արհեստական պատկերներով եւ երեւակայություններով իր համար հեղինակություն ստեղծելով: Սակայն իշխանության իրական նպատակը, կեղծարարությունը, հակասական քայլերը մշտապես բացահայտվել են: Ադրբեջանական իշխանություններն այժմ էլ զբաղված են հայ ընդդիմադրի` «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանում ապաստան խնդրելու, այստեղ նրան բարձր մակարդակով ընդունելու քարոզչությամբ, ինչով կարծում են կարող են դրական հեղինակություն վաստակել աշխարհում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, գրում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանն այնքան է թաղված համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման, ապօրինությունների եւ կամայականությունների մեջ, որ նման դրսեւորումը խիստ նման է «մարդուն սպանելուց հետո գլուխը շոյելուն»:
