ԱԺ նախագահը նորեկ պատգամավորներին բացատրեց գրանցվելու կարգը. փակ քվեարկությունը սկսվեց
Ազգային ժողովն իր նիստը սկսեց երկու անգամ պատգամավորների գրանցում կազմակերպելով: ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը գրանցման կարգին ծանոթացրեց այն պատգամավորներին, որոնք առաջին անգամ էին մանդատ ստացել:
«Առաջընթաց ունենք, 89 պատգամավոր է գրանցվել, սկսում ենք աշխատանքը»,- գրանցումից հետո երկրորդ անգամ հայտարարեց ԱԺ նախագահը:
Վարման կարգով խոսեց «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հիշեցրեց, թե քիչ հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված 3 թեկնածուների փակ քվեարկություն կլինի: Նա դժգոհեց երեկվա կազմակերպված քվեարկությունից՝ պահանջելով հստակ բացատրել կարգը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված 3 թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Միքայել Մելքումյանը:
Ընտրության կարգը բացատրեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, որից հետո արդեն ավելի մանրամասն բացատրեց ԱԺ նախագահ Բաբլոյանը՝ հուշելով, թե «ծիտիկը» որտեղ պետք է դրվի:
Նիստը ավարտվեց, պատգամավորները գնացին քվեարկության:
