ԱԺ-ն ավարտեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցի քննարկումը և անցավ 2015թ. պետական բյուջեին
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քննարկումը: Քվեարկությունը նախատեսված է ժամը 17-ին:
ԱԺ-ում չորս օրվա քննարկումների արդյունքում, ինչպես և կանխատեսելի էր, խմբակցություններից պայմանագրին դեմ քվեարկելու որոշման մասին հայտնեց միայն «Ժառանգություն»-ը, որը, ի դեպ, ամենափոքրաթիվն է. ունի 4 անդամ:
Բացի այդ, պայմանագրի ընդդիմախոսների թվում են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անկախ պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և անկուսակցական Էդմոն Մարուքյանը:
Ոչ իշխանական խմբակցություններից ամենախոշորի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից Տիգրան Ուրիխանյանը, մասնավորապես, հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու՝ Հայաստանի շահերին չվնասելու համար:
Այս պահին ԱԺ նիստում վերսկսվել է 2015թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: Նախագիծը ներկայացնում է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
