ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց կործանված ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակը (Video)
Ազգային ժողովըն այսօրվա նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեց նախօրեին ադրբեջանական զինված ուժերի կողմից ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցման հետևանքով իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհված ԼՂ ՊԲ երեք զինծառայողների՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հիշատակը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչ այդ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ-ի ուղղաթիռի խոցումը պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը:
«Այս տարվա օգոստոս ամսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ և ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած միջոնրդական ջանքերը և հորդորները, փաստորեն, հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից:
Սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվում է խաղաղ կարգավորման, վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները:
Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները: Ուստի՝ հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով»,-մասնավորապես հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
