ԱԺ-ն մերժեց կառավարության վիճահարույց երկու նախաձեռնությունները
Փաստինֆոն գրում է.Ազգային ժողովն այսօր ընդունեց նախօրեին քննարկված մեկ տասնյակ օրինագծերն ու օրենսդրական փաթեթները՝ բացառությամբ երկուսի, որոնք արժանացել էին ոչ իշխանական խմբակցությունների քննադատությանը:
Խոսքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխությունների ու լրացումների մասին է, որոնց քվեարկություններին ոչ իշխանական խմբակցությունները չմասնակցեցին: Արդյունքում՝ որոշում կայացնելու համար քվեարկությանը անհրաժեշտ թվով՝ առնվազն 66, պատգամավորներ չմասնակցեցին:
Ոչ իշխանական խմբակցությունները սրան արձագանքեցին ծափահարություններով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան հայտարարեց. «Ինձ թվում է՝ երբեմն պիտի տեղիք տալ, որ ծափեր էլ լինեն»:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այս նախագիծն ունի բազմաթիվ խնդրահարույց հոդվածներ: Հայտնելով, որ իրենք սկզբունքորեն դեմ են այս նախագծին՝ նա որպես օրինակ մատնանշեց ֆիզիկական անձանց մասին տվյալներ հավաքելու, օտար երկրին մարդու տվյալները փոխանցելու անթույլատրելիությունը: Խմբակցության անունից նա 20 րոպե ընմիջում վերցրեց՝ «բոլոր խմբակցություններին մեկ անգամ ևս հետևություն անելու համար»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է սահմանել, որ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը:
Այս օրինագծի քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ նախագիծը «հերթական անգամ շարունակում է ոտնահարված պահել մեր քաղաքացիների իրավունքը», այն է՝ քաղաքացիների գույքի վրա կշարունակվի կալանք դրվել և կիրականացվի բռնագանձում՝ առանց դատարանի որոշման: Նա հայտնեց նաև, որ կառավարությունը, ի պատասխան իրենց հարցադրմանը, թե մինչև 200 հազար դրամն արտադատական կարգով լուծվելու է, կառավարությունը հայտնել է, որ դա վերաբերում է վարչական իրավախախտումների 95 տոկոսին: «Պատկերացնում եք՝ այս նախագծից հետո էլի 95 տոկոսը ԴԱՀԿ-ի պատերի տակ պետք է հերթ կանգնեն»,- ասաց նա:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
