ԱԺ-ում քննարկում են կենսաթոշակային բարեփոխումը եւս մեկ տարով հետաձգելու մասին օրինագիծը
Մայիսի 10-ին Աժ-ում սկսել են քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները մասնավոր սեկտորում եւս մեկ տարով՝ մինչեւ 2018-ի հուլիս հետաձգելու մասին օրինագիծը:
Հետաձգումը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով, որը մոտ ժամանակներս քննարկվելու է խորհրդարանում, իսկ ուժի մեջ է մտնելու 2018-ին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ օրենսգրքին անհրաժեշտ կլինի հարմարեցնել նաեւ հարկային ծառայության փաստաղթերի էլեկտրոնային շրջանառության՝ այդ թվում պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարների գանձման համակարգը: Աշխատանքները ծրագրում են ավարտել 2018-ի առաջին եռամսյակում: Դրանից ելնելով՝ վճարները ծրագրում են պարտադիր դարձնել հուլիսից:
Պետական սեկտորում պարտադիր 5 տոկոսները վճարում են 2014-ի հուլիսի 1-ից: Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումն առաջացրել էր դժգոհություն նոր վճարի (եկամտահարկից բացի) կապակցությամբ: 2014-ի սկզբին Երեւանում բողոքի զանգվածային ցույցեր են անցել:
