Ահա ինչպիսին է լինում հերոսը.Վահանը պահել է դիրքը, մինչեւ դասակն օգնության է հասել (տեսանյութ)
Ժամկետային զինծառայող, գյումրեցի Վահան Գրիգորյանը Թալիշի մարտական դիրքերից մեկում ապրիլի 2-ին ընկերների վիրավորվելուց հետո մոտ 10 րոպե միայնակ մարտ է մղել հակառակորդի դեմ, կարողացել է պահել դիրքը, մինչեւ նոր ուժեր են օգնության հասել (ֆոտոռեպորտաժ):
«Անդադար կրակում էին իրենք, տղերքը վիրավոր էին, մնացել էի ես, ես էլ սկսեցի բոյ տալ մոտ 10 րոպե, մինչեւ որ տղերքը դասակիս հրամանատարի հետ օգնության հասան ու հետ շպրտեցինք իրենց»,- NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում պատմեց զինծառայողը:
Վահան Գրիգորյանը հիշեց, որ հակառակորդի հարձակումը իրենց հանկարծակիի է բերել, բայց արագ կողմնորոշվել են, մարտի դուրս եկել:
«Ժամը 3-ի կողմերը սկսեցին գյուղը արկակոծել: Թալիշ գյուղից սկսած բոյ տալով ելանք պոստեր, հերթով սաղ պոստերը սկսեցինք հետ վերցնել ու պահել: Հակառակորդը հրետանիով էր խփում, բայց չնահանջեցինք, ելանք հրետանու դեմ, իրանք շատ զոհեր տվեցին: Մեր հերթափոխը զոհ չտվեց, վիրավորներ ունեինք, համ կռվում էինք, համ մեր վիրավորներին էինք օգնում»,- պատմեց Վահանը՝ նշելով, որ հակառակորդը խուճապահար փորձել է փախչել դիրքերից, որոնք իրենք հետ են վերցրել:
20-ամյա հայ զինծառայողները պատմում էին՝ ինչպես են փոքրաթիվ ուժերով վերացրել իրենց մի քանի անգամ գերազանցող՝ հակառակորդի կենդանի ուժը: Ժամկետային զինծառայող Հովհաննես Հովհաննիսյանն ընկերների հետ թույլ չի տվել, որ հակառակորդի հերթական դիվերսիոն խումբը Թալիշ գյուղ մտնի:
«Թալիշի ճանապարհին էինք: Հենց ուզում էինք բարձրանալ, նկատեցինք, որ հակառակորդը 14 հոգանոց խմբով իջնում էր Թալիշ: Սպասեցինք, որ մոտենան գյուղին ու կրակ բացեցինք: Փախչում էին, կրակում էինք իրանց ուղղությամբ: Բոլորը պետք է զոհված լինեին, որովհետեւ սաղին սպանել ենք»,- հիշեց Հովհաննեսը:
