Ալեքսանդր Բոժկոն պարգեւատրվել է սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայագիտության մեջ ներդրած ավանդի համար ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը: «Խնդրում եւ միաժամանակ հորդորում եմ, որ Ուկրաինայի հայ համայնքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը կխոսեն հայերեն, դա շատ կարեւոր է, որ ընտանիքներում երեխաները մեծանան հայերեն խոսելով: Կարեւոր է նաեւ, որ ավելի ակտիվ լինեք Սփյուռքի նախարարության կազմակերպած ծրագրերում, որոնք հայրենաճանաչության եւ հայապահպանության միջոցառումներ են»,- իր խոսքում նշել է նախարարը: Ալեքսանդր Բոժկոն շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության եւ Ուկրաինայի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար: