Ալիևի աղջիկների հարստությունը
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնը (OCCRP) իր պաշտոնական էջում անդրադարձել է մեծ աղմուկ հանած «պանամական փաստաթղթերին», մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի օֆշորային հարստությանը:
«Լոնդոնի կենտրոնում գտնվող Նայթսբրիջ թաղամասում կա մի շինություն` ամբողջովին հայելապատ, պատրաստված ընտիր հղկված մարմարից, իսկ ամեն հարկում դռնապաններ են կանգնած: Լոնդոնի սրտում գտնվող այս հարգի շինության պենտհաուսը պատկանում է Ալիևի դուստրերին` Լեյլային և Արզուին:
Սա ամենաթարմ բազմամիլիոնանոց անշարժ գույքն է, որի պատկանելության ու իրական տերերի վերաբերյալ գաղտնիքը բացահայտվել է վերջերս: Այն կազմում է 2003թ. նավթի պաշարներով հարուստ երկրում իշխանության գալուց ի վեր Ալիևների կուտակած ահռելի հարստության մի մասը միայն»,-նշվում է occrp.org կայքում:
OCCRP-ին հաջողվել է պարզել, որ Ալիևների ընտանիքն ամբողջ աշխարհում 140 մլն դոլարի շքեղ տներ ու բնակարաններ ունի: Եվ սա նրանց պատկանած անշարժ գույքի դեռ մի մասն է:
Պենտհաուսն Ալիևները գնել են 2006թ. սեպտեմբերին: 101 քմ մակերեսով անշարժ գույքի գնման գործարքը կնքվել է Վիրջինյան կղզիներում գրանցված Capper Marketing Inc. օֆշորային ընկերության միջոցով: Դրա իրական տերերի վերաբերյալ տեղեկությունը քողարկված է եղել:
