Ամանորի գլխավոր ուտեստը ճանապարհին է
Ինչպես բոլորն են հիշում, անցած տարի դեկտեմբերի 31-ին բառիս բուն իմաստով ծամվեց Երևան բերված մի քանի կոկորդիլոսների միսը: Իհարկե ոչ բոլորը հասցրեցին զգալ մսի համն ու բույրը և բավարարվեցին միայն բուռն քննարկումներով: Մի շտապեք վհատվել, քանի որ ամանորին ընդառաջ աշխատանքներ է տարվում այս տարի ևս կոկորդիլոսի միս ներկրելու ուղղությամբ:
Հայաստանում գործող ընկերություններից մեկը կոկորդիլոս ներմուծելու հայտ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Այս մասին ՍԱՊԾ-ից հայտնեցին Shabat.am-ի թղթակցին: Վերջիններիս տեղեկություններով՝ տվյալ ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ-ից 4 ապխտած կոկորդիլոս ներմուծելու թույլտվություն ստանալու հայտ: Ընկերության անվանումը և ներմուծման պայմանները ավելի ուշ կհրապարակվեն:
Սակայն կարծում ենք դժվար չէ ենթադրել, թե որ ընկերության մասին է խոսքը: Ինչպես հասկանում եք, այս երևույթը դառնում է «հաճելի» ավանդույթ, և գուցե մեզանում կոկորդիլոսի մսի ներմուծող մոնոպոլիաներ ձևավորվեն: Հիշեցնենք նաև, որ տեղեկություններ կան նաև, որ այս տարի հասարակության ոչ ստվար մասը կմարսի նաև այծեղջյուրի միս՝ ամբողջական կամ կտորներով:
