Ամբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը
Փաստինֆոն գրում է.Նախկին ծառայակցի կողմից իր տան բակում Ալբերտ Բժշկյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը հայտարարեց, որ ինքը մեղավոր է, իր կողմից պատճառված վնասի հետևանքով իր ընկերը մահացել է:
«Բան չունեմ ասելու, վիճաբանություն է եղել, հասել է գագաթնակետին»,- ասաց ամբաստանյալն՝ ընդգծելով, որ ինքը իր բանակային ընկերոջը վնաս պատճառելու միտում չի ունեցել, չի հասկացել, թե ինչպես է դանակը գրպանից հանել ու հարվածներ հասցրել ընկերոջը: Ըստ նրա, հանկարծակիի է եկել ու վախեցել սեփական ձեռքերում տեսնելով արյունոտ դանակը, դեն է նետել, ապա վերադարձրել ու բարձրացրել գետնից:
«Ինքս իմ հետ կռիվ էի անում»,- ասաց ամբաստանյալը՝ հայտարարելով, որ չի հիշում, թե քանի անգամ ու տուժողի մարմնի որ մասերին է ինքը հարվածներ հասցրել՝ նշենք, որ, ըստ գործի տվյալների, ամբաստանյալը 5-6 հարված է հասցրել տուժողի կրծքավանդակին:
Ամբաստանյալը հայտնեց, որ տուժողի հետ իրենք ընկերացել են բանակում, կես տարի միասին են ծառայել, ապա ընկերությունը շարունակվել է նաև զորացրվելուց հետո՝ միմյանց այցելել են, տուժողի հայրն անգամ իրեն այցելել է այլ զորամաս տեղափոխվելուց հետո: «Որևէ սև կատու մեր մեջ չի եղել»,-ասաց նա:
Ամբաստանյալը պատմեց դեպքից մի քանի օր առաջ, կոնֆլիկտի սկիզբը դրած միջադեպի մասին: Տուժողը «Կովկաս» պանդոկ է եկել, և ինքը զգացել է, որ նա «տրամադրված էր» իր հանդեպ՝ սառը վերաբերմունք էր դրսևորում, չէր պատասխանում իր հարցերին: Ըստ ամբաստանյալի, տուժողն ասաց՝ «պիվի բակալը կջարդեմ գլխիդ», ինքն էլ կրակայրիչը շպրտել է տուժողի վրա: Երբ տուժողն ավելի ուշ փորձում էր արդեն փողոցում պարզաբանումներ ստանալ տեղի ունեցածի շուրջ, ինքը խնդրել է չխոսել, քանի որ «երկուսս էլ տաքացած էինք»: Տուժողը ձեռքով հարվածներ է հասցրել իրեն, ինքն էլ նրան «թուլա» անվանել: Դանակն իր մոտ էր, եթե ինքը վնասելու մտադրություն ունենար, այդ ժամանակ էլ գործի կդներ դանակը: Ամբաստանյալը պարզաբանեց, որ կողոպուտի նպատակով իր վրա հարձակում է եղել, ինքը վախեցել է, դրանից հետո ինքնապաշտպանության նպատակով իր մոտ դանակ էր պահում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
