ԱՄՆ-ի ԱԱԳ-ն լրտեսել է Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներին
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է ոչ միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, այլ նաև շատ այլ բարձրաստիճան կառավարության անդամների, ինչպիսիք են տնտեսության ու ֆինանսների նախարարները: Այդ մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից արված բացահայտումները մեծ աղմուկ են բարձրացրել Գերմանիայում, որտեղ գաղտնիության հարցը հատկապես շատ զգայուն է:
Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայությունը մեղադրվում է ԱԱԳ-ին աջակցելու համար:
Գերմանական Sueddeutsche Zeitung թերթը և ARD հեռարձակող ցանցը, հիմնվելով Wikileaks-ի փաստաթղթերի վրա, հաղորդել են, որ ԱԱԳ-ի թիրախ են դարձել Գերմանիայի կառավարության աշխատակազմի 69 հեռախոսահամարներ:
Լրտեսության թիրախ դարձած պաշտոնյաների թվում է Տնտեսության նախարար և փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը, ինչպես նաև իր տեղակալները: Որոշ օպերացիաներում ներգրավված են եղել նաև Բրիտանիայի հետախուզական գործակալությունները:
