ԱՄՆ-ն զգուշացնում է Հայաստանին
Lragir.am-ը գրում է .
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական Վեդոմոստի պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է տարածքների վերադարձի թեմային:
Այդ անդրադարձը Հայաստանի որոշ շրջանակների համար դարձել է բուռն արձագանքի պատճառ՝ ասելով, որ տարածքները պետք է վերադարձվեն Բաքվին, Ուորլիքը արել է հակահայկական հայտարարություն, եւ նրան պետք է թույլ չտալ մուտք գործել Հայաստան:
Ուորլիքը տարածքների վերադարձի մասով ասել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մի տարրի կամ մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան այլ գործոններ։ Այդ պատճառով էլ մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին. չի կարելի վերցնել միայն մեկ տեսակետ և պնդել, որ դա կարգավորման հիմքն է։ Մենք պետք է դիտարկենք խաղաղ կարգավորման հնարավորությունն իր ամբողջ ծավալով»:
Ուորլիքը խոսել է Արցախի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների մասին, ասելով, որ Մոսկվայում քննարկված մոտ 10 հարցերի թվում եղել են նաեւ դրանք:
Փաստացի, ամերիկացի համանախագահը, խոսելով այն մասին, որ տարածքները պետք է վերադարձվեն, նա ասում է, որ դրանք չեն կարող վերադարձվել առանց կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների:
Այդ ձեւակերպումը կարող է համարվել աննախադեպ, քանի որ բանակցային որեւէ միջնորդ մինչ այժմ տարածքների վերադարձն ուղղակիորեն չի պայմանավորել մյուս գործոնների՝ կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների հետ: Իհարկե, այլ հարց է, թե ընդհանրապես որեւէ անվտանգության երաշխիք գործնական առումով կարո՞ղ է փոխարինել ազատագրված տարածքներին: Բայց, բանակցային միջնորդը չի կարող հայտարարել այլ բան, չի կարող ասել, որ տարածքները չպետք է վերադարձվեն Ադրբեջանին:
Առավել եւս, որ վերադարձի հնարավորությունն ընդունել է նաեւ Հայաստանի իշխանությունը, բոլոր երեք նախագահները: Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այդ առումով շատ լավ է հայտնի, Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցության հիմք, որտեղ տարածքների վերադարձը կետերից մեկն է, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է դեռեւս 2005 թվականին, որ տարածքները չեն ազատագրվել մեզ պահելու համար, դրանք բանակցային ռեսուրս են:
Հայաստանի նախագահներից մեկն անկեղծորեն գուցե հավատում է, որ տարածքները վերադարձնելով է միայն հնարավոր հասնել կարգավորման ու խաղաղության, մյուսը չի հավատում, բայց փորձում է հնարամտություն անել ու հայտնել վերադարձնելու պատրաստակամություն, հուսալով, որ միջնորդների մրցակցությունը դա թույլ չի տա, կամ էլ Ադրբեջանը չի համաձայնի Արցախի անկախությանը: Երրորդը գուցե ունի տարածքների վերադարձն ընդունելու իր պատճառները: Բայց, ընդհանուր փաստ է, որ այն, ինչ ասում է Ուորլիքը, լիովին ասել եւ ասում են Հայաստանի իշխանությունները:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում:
