ԱՄՆ-ում կահույքի սրահում մարիխուանայի մեծ պլանտացիա է հայտնաբերվել
Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի Սան-Դիեգո քաղաքում գտնվող կահույքի սրահում ոստիկանությունը մարիխուանայի մեծ պլանտացիա է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է «The Huffington Post»-ը, «Furniture and more» խանութի ցուցանակի տակ թաքնված է եղել մարիխուանա աճեցնելու մի մեծ տնտեսություն՝ մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ: Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ խանութն ի սկզբանե ստեղծվել է՝ որպես թաքստոց և չի վաճառել կահույքի ոչ մի կտոր:
Կահույքի խանութի ետնաբակում ավելի քան 1000 թաղարային բույս, ինչպես նաև 50 կգ մշակված մարիխուանա է հայտնաբերվել:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա Ֆուկ Նգուենը, ով մեղադրվում է նաև էլեկտրականության համար 80.000 դոլար չվճարելու մեջ:
