ԱՄՆ-ում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը (Լուսանկարներ)
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Իր ելույթում Ա.Ղուլյանը Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել Արցախի անկախության կապակցությամբ այս միջոցառման կազմակերպիչներին՝ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին և նրանց աջակցող բոլոր կառույցներին:
Նա կարևորել է ԱՄՆ-ի կողմից մշտապես ցուցաբերված քաղաքական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման բարդ գործընթացում:
Ա.Ղուլյանը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են՝ անկախության համար պայքարելու հարցում:
Ստորև ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը.
«Հարգելի կոնգրեսականներ,
Պատվարժան դեսպան Սարգսյան,
Հարգելի հայրենակիցներ,
Տիկնայք և պարոնայք
Ուրախ եմ, որ կրկին ձեզ տեսնելու հնարավորության ունեմ, և Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Արցախի անկախության կապակցությամբ այս միջոցառման կազմակերպիչներին՝ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին և նրանց աջակցող բոլոր կառույցներին:
Մեր օրերում Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընկալվում է որպես մի երկիր, որն առաջինն է առաջ քաշել ազատության գաղափարները: Եվ այն դարձել է ոչ միայն այդ գաղափարների վրա հիմնված երկիր, այլ նաև շարունակում է նշանակալի դեր խաղալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարության արժեքների ձևավորման հարցում:
Հենց նմանատիպ ոգով էլ 23 տարի առաջ՝ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լինելով ծանր դրության մեջ, կատարեց իր ընտրությունը և համազգային հանրաքվեի միջոցով վերականգնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ արդեն հռչակված անկախությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման ուղին բարդ և փշոտ է եղել: Մայրաքաղաք Ստեփանակերը և մյուս բնակավայրերն ամիսներ շարունակ ծանր գնդակոծության են ենթարկվել, հազարավոր մարդիկ բռնությունների են ենթարկվել Ադրբեջանի կողմից:
Այնուամենայնիվ, Արցախի ժողովրդին հաջողվել է պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները և ապագայի հետ կապված ինքնուրույն որոշում կայացնել՝ միջազգային օրենքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
