ԱՄՆ-ը լրտեսել է Ֆրանսիայի նախագահներին. WikiLeaks
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) 2006-2012 թվականներին լրտեսել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ նրա նախորդներին՝ Ժակ Շիրակին ու Նիկոլա Սարկոզիին, տեղեկացնում է WikiLeaks-ի կայքը:
Կայքը վկայակոչում է հետախուզության գաղտնի հաշվետվությունների տվյալներ եւ ԱԱԳ-ի տեխնիկական փաստաթղթեր:
Ինչպես նշում է BBC-ն, ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություններից, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 24-ին Պաշտպանության խորհրդի նիստ է անցկացնելու:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզական գերատեսչությանը մեղադրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին լրտեսելու մեջ:
WikiLeaks-ի կայքը հունիսի 23-ին հայտարարել է Espionnage Elysee վերտառությամբ փաստաթղթերի հրապարակումն սկսելու մասին:
Հաղորդվում է, որ գաղտնի նյութերը ներառում են Ֆրանսիայի երեք նախագահների, այդ երկրի նախարարների եւ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանների հաղորդակցումների գաղտնալսումներ:
