Ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացված աշխատանքները
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստին մասնակցում էին մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, նշելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը տարեցտարի ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ:
Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները` պաշտպանության նախարարն ընդգծեց Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև Արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը:
Որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում փաստեց, որ հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդունքում հաջողվել է լուրջ տեղաշարժեր արձանագրել: Օրինակ, որպես նորամածություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ազգային երգ ու պար առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև ավարտական դասարաններում ՆԶՊ-ը քննական առարկա դարձնելու ծրագիրը:
Նիստի ընթացքում հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2014 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումների, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծեց, որ մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության և հպարտության զգացումով համակված սերունդ:
