Ամուսնուն ծեծող Վալոդից «մուռ հանելու» համար կինն ասել է, թե նա փորձել է բռնաբարել իրեն
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Գրետա Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Գրետայի ամուսնուն՝ Վլադիմիրին, 2014 թվականի հուլիսի 31-ի կեսգիշերին ծեծել է վերջինիս ծանոթ Վոլոդյան:
«Վալոդից» վրեժխնդիր լինելու նպատակով, գիտակցելով, որ իր հաղորդած տեղեկությունը կեղծ է, անձնազոհ Գրետան նույն օրը ոստիկանությունում գրավոր հաղորդում է տվել, թե այդ Վոլոդյան, բռնություն գործադրելով իր նկատմամբ, կեսգիշերին իրենց տան բակից իրեն քաշելով տարել է փողոց, հրել, գցել է գետնին ու փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Գրետա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ըստ դատական ակտի՝ Վոլոդյան 2013 թվականից ճանաչել է Գրետայի ամուսին Վլադիմիրին ու վերջինիս մորաքրոջը, ով Վլադիմիր համար, նրա ծնողների մահից հետո, ծնողի նման է եղել:
Վոլոդյան Վլադիմիրի մորաքրոջը ճանաչել է «Սուր անկյուն» հաղորդումից հետո, նրա ու Վլադիմիրի հետ եղել է լավ հարաբերությունների մեջ, հաճախ այցելել է նրանց տուն:
2014 թվականի հուլիսի 30-ին Վոլոդյան համագյուղացի Մարզպետի հետ գնացել է գնումներ կատարելու: Գնումներից հետո որոշել են այցելել Վլադիմիրի մորաքրոջը:
Վլադիմիրը ջերմորեն ընդունել է հյուրերին: Մորաքույրն իր չորս երեխաների հետ տանը չի եղել, Երևանում էր մեկնել: Վլադիմիրը հյուրասիրել է հյուրերին:
Վերջիններս այդ տանը տեսել են Գրետային, ում ճանաչել են, երբ վերջինս աշխատել է Մարտունիում: Վլադիմիրը հյուրերին ասել է, թե ինքը Գրետայի հետ ամուսնացել է:
Հյուրերը հյուրասիրվել են, օղի են խմել: Բայց Վոլոդյան նկատել է, որ իրենց ներկայությունը կարծես թե Վլադիմիրին ու Գրետային առանձնապես հաճելի չէ:
Հյուրերը «բարի գիշեր» են ասել ու դուրս են եկել:
Վոլոդյան ընկերջն ասել է, որ նա մեքենայում սպասի, մինչև ինքը բնական կարիքները հոգա: Այդ կարիքները հոգալու ճամփին Վոլոդյան անցել է Վլադիմիրի բնակարանի մոտով ու լսել է, որ Վլադիմիրը Գրետայի հետ խոսելով՝ իր ու ընկերոջ հասցեին հայհոյանքներ է տալիս:
Վոլոդյան այդ հանգամանքից շատ է վիրավորվել, ներս է մտել ու Վլադիմիրին դուրս է հրավիրել:
«Վալոդն» ու Վլադիմիրը վիճել են հայհոյանքների վերաբերյալ: «Վալոդը» հարվածներ է հասցրել Վլադիմիրին, նրա ձախ ազդրի շրջանում քերծվածքներ է առաջացրել:
