Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Հանդիպմանը, որը նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, պատմել ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ կատարած այցի մասին:
«Մեծ հաճույքով եմ Ձեզ պատմում ԱՄՆ կատարած այցի մասին, որը բոլոր առումներով արդյունավետ էր և շատ հաջողված և այն ջերմ վերաբերմունքի մասին, որ ստացա Ձեր երկրում»,- ասել է Աննա Հակոբյանը:
«Ուրախ էի հանդիպել Ձեզ, լսել Միացյալ Նահանգներ կատարած Ձեր արդյունավետ այցի մասին և ավելին իմանալ Ձեր լայնածավալ բարեգործական աշխատանքների մասին: Սիրով սպասում եմ մեր հետագա շփումներին»,- հանդիպման ավարտին ասել է Լին Թրեյսին:

