Աննա Հակոբյանը հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանին: Հանդիպմանը Տայք Միրիջանյանը պատմել է, որ արդեն մի քանի տարի է երազում է Երևանում՝ մեկ վայրում հիմնադրել պոլսահայ անվանի նկարիչ Արա Գյուլերի անվան թանգարան, համանուն սրճարան և ռեստորան: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այդքան էլ լավ պատկերացում չունեն պոլսահայ համայնքի պատմության ու ներկա գործունեության մասին, և մշակութային կենտրոնը կարող է դառնալ կապող օղակ համայնքի և հայրենիքի միջև:
«Մենք պոլսահայեր ենք, մենք թուրք չենք, բայց, ցավոք, հայրենիքում մեր մասին քիչ բան գիտեն: Մենք ունենք անվանի մեծեր՝ Կոմիտաս, Պալյաններ, Արա Գյուլեր և բազմաթիվ այլ հայորդիներ: Նրանց ու այսօրվա պոլսահայերի մասին պետք է իմանան հայրենիքում»,- ասել է Տայք
Միրիջանյանը՝ հավելելով, որ համայնքում կան բազմաթիվ խնդիրներ և դրանցից մեկն այն է, որ հարյուր հազարանոց համայնքում շատ քչերն են խոսում և կարդում մայրենի լեզվով: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով հայրենիքում նմանատիպ մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը՝ հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել նախաձեռնության իրականացմանը: «Մեր պարտքը կլինի աջակցել: «Իմ քայլը» հիմնադրամի միջոցով ես կկանգնեմ ձեր կողքին՝ իրականացնելու ձեր գաղափարը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը: Հանդիպման ավարտին Տայք Միրիջանյանը տիկին Հակոբյանին է նվիրել Արա Գյուլերի մասին գրքեր, ֆոտոալբոմներ: