Անձնական ազատության սահմանափակում՝ բանավոր կարգադրությամբ
ՀՀ կառավարությունը փակ ռեժիմով, չզեկուցվող հարցերի շարքում քննարկել և հաստատել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծը: Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը:
Ըստ այդմ՝ օրենքում արված մի լրացմամբ սահմանվել է. «Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով ՀՀ կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ»:
