Անհետացած Boeing 777-ը միտումնավոր փոխել է ուղղությունը. ԱՄՆ հատուկ ծառայություններ
Մալայզիական Boeing 777-ի անհետացման հանգամանքներն ուսումնասիրող ԱՄՆ հատուկ ծառայությունների համար առաջնահերթ վարկած է ինքնաթիռի ուղղության միտումնավոր փոփոխումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ինչպես հայտնել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները, նախնական փորձագիտական գնահատականը հիմնվում է հիմնական արբանյակային լրտեսման տվյալների վրա։
«Այլ տեղեկատվության բացակայության պարագայում վերլուծաբանները եկել են առավել հավանական եզրակացության, որ ինչ-որ մեկը օդաչուական խցում միտումնավոր փոխել է օդանավի ուղղությունը՝ Ինդոնեզիայի միջով Հնդկական օվկիանոսի հարավային հատված»,- հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ փորձագիտական հաշվետվությունը նախատեսված չէ հրապարակման համար։
2014-ի մարտի 8-ի գիշերը Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավը 227 ուղևորով և անձնակազի 2 անդամներով չվերթ է իրականացրել Կուալա-Լամպուրից Պեկին։ Այն անհետացել է ռադարների տեսադաշտից, որոնումներն արդյունք չեն տվել։
