Անտառաշենում այսօր ընտրություն է
Այսօր Լոռու մարզի Անտառաշեն գյուղական համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն է:
185 ընտրող ունեցող գյուղը ընտրում է նոր ավագանու՝ օրենքով սահմանված 5 անդամի: Ինքնաառաջադրված են 6 անկուսակցական թեկնածուներ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, նշված համայնքում արտահերթ ընտրության անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թվականի սեպտեմբերի 9-ի ընտրության արդյունքում համայնքի ավագանու ընտրված 5 անդամներից երեքի լիազորությունները հետագայում վաղաժամկետ դադարեցվել են, ինչի հետևանքով անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը:
2013 թվականի փետրվարի 15-ին վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ավագանու անդամ Արարատ Ասլանյանի, իսկ 2014 թվականի օգոստոսի 12-ին՝ Արմեն Ղումաշյանի լիազորությունները՝ իրենց դիմումների համաձայն:
2014 թվականի օգոստոսի 11-ին վաղաժամկետ դադարեցվել են նաև ավագանու անդամ Ռաֆիկ Խառատյանի լիազորությունները՝ ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու հիմքով. նա ընտրվել է նույն համայնքի ղեկավար:
