Ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի ձախողումը ցույց տվեց, որ...
«Ադրբեջանի ցանկություններն ու պոտենցիալը միմյանց չեն համապատասխանում» Միջազգային ճգնաժամային խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդվածը վերջին օրերին լայն քննարկման առիթ է դարձել։ Ըստ ճգնաժամային խմբի՝ Լեռնային Ղարաբաղում 2016թ․ ապրիլյան բախումից հետո, Հայաստանը և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են պատերազմին։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ուզում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, քանի որ գիտակցում է՝ բանակցությունների ընթացքն իր օգտին չէ։ Այդուամենայնիվ, քաղաքագետը շեշտեց՝ համաձայն չէ զեկույցում ներկայացված այն տեսակետին, թե Հայաստանն ու Ադրբեջանը այժմ շատ մոտ են ռազմական խոշոր բախմանը։
«Ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի ձախողումը ցույց տվեց, որ Ադրբեջանը նույնիսկ ռազմական ճանապարհով չի կարող հասնել ցանկալի արդյունքի։ Ստացվում է ՝ Ադրբեջանի ցանկություններն ու պոտենցիալը միմյանց չեն համապատասխանում։ Ավելին․ այդ երկիրն այսօր պատրաստ չէ պատերազմի, այսինքն՝ պատերազմի միջոցով իրենց ուզած արդյունքին, անկասկած, հասնել չեն կարողանա»,–շեշտեց քաղաքագետը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց նաեւ. Ադրբեջանը թեև ապակառուցողական քաղաքականություն է վարում, բայց, այդուհանդերձ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում դրա պատճառներին անդրադարձ չի կատարվում: Ստացվում է՝ զեկույցում տարածաշրջանային իրավիճակը, ըստ էության, համապարփակ ձևով չի ներկայացվում: Վերջինս հիշեցրեց՝ փաստ է , որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը չպահպանեց:
Ակնհայտ է, որ եթե կա մի երկիր, որը հակված է ռազմական գործողությունների՝ դա Ադրբեջանն է։
Հրանտ Մելիք Շահնազարյանը իր խոսքում ընդգծեց՝ պետք է ձեռնարկել այնպիսի քայլեր, որ միջնորդ երկրները հասցեական գնահատականներ հնչեցնեն եւ մեղադրեն Ադրբեջանին՝ ոչ կառուցողական քաղաքականության համար: Այսինքն, պետք է հասնել նրան, որ միջազգային կազմակերպությունները ճնշեն ու սանձահարեն Ադրբեջանին, ինչի արդյունքում կգործի միջազգային զսպման մեխանիզմը։