Ապխտած կոկորդիլոսի գինն անցած տարվա համեմատ ավելացել է, քաշը` նվազել
«ՍԱՍ» սուպերմարկետի վաճառասեղանին դարձյալ ամանորյա կոկորդիլոս է հայտնվել: Այն իր տեսքով փոքր-ինչ տարբերվում է անցյալ տարի վաճառվող կոկորդիլոսից: Այս տարվա կոկորդիլոսը նույնպես ապխտած է, բայց չափերով ավելի փոքր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտարգության ծառայությունից մեզ հայտնեցին, որ առ այսօր ԱՄՆ-ից ՀՀ է ներկրվել 10 հատ կոկորդիլոս` ընդհանուր 23կգ կշռով: Ասել է թե մեկ կոկորդիլոսը միջինը 2-2,5 կգ-անոց է: Մինչդեռ, նախորդ ամանորի կոկորդիլոսները բավական մեծ էին` յուրաքանչյուրը 12 կգ-անոց:
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ անցյալ տարի Նոր տարվա սեղաններին ընդամենը 3 կոկորդիլոս է սպառվել:
Այսինքն` դժվար է միանշանակ եզրահանգում անել` ավելացե՞լ է կոկորդիլոսի պահանջարկը հայաստանյան շուկայում, թե՝ նվազել, քանի որ մի կողմից ներկրված կոկորդիլոսների չափերը փոքրացել են, բայց մյուս կողմից` պակասել է քաշը:
Ինչ վերաբերում է այս համադամի գնին, այս հարցում միանշանակ կարելի է պնդել, որ այն թանկացել է:
Եթե նախկինում 380 000 դրամով վաճառվում էր 12կգ-անոց կոկորդիլոսը, ապա այս տարի նույն գնով վաճառվում է 2,5 կգ-անոցը: Այսինքն` գինը 1 տարվա ընթացքում ավելացել է շուրջ 5 անգամ:
Ի դեպ, նշենք, որ ըստ ՍԱՊԾ-ի տրամադրած տվյալների՝ ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստան կոկորդիլոս ներկրելու հայտ է ներկայացրել միայն 1 տնտեսվարող սուբյեկտ` «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որի խանութներում էլ այն վաճառվում է:
