Արա Աբրահամյանը՝ իր և Արթուր Բաղդասարյանի հնարավոր համագործակցության մասին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, արձագանքելով մամուլում վերջերս շրջանառվող այն լուրերին, թե վերջինիս կողմից ստեղծվող կուսակցությունը կազմավորվելու է ՕԵԿ-ի հենք վրա, նկատեց. «Արթուր Բաղդասարյանն իմ մտերիմ ընկերն է, բայց նա ունի իր ճանապարհը, ես՝ իմ: Ստեղծելու եմ առանձին կուսակցություն: Երբ վերջնական որոշում ընդունեմ կուսակցության ստեղծման և դրա գաղափարախոսության վերաբերյալ, վստահեցնում եմ՝ դա ՕԵԿ-ի հետ կապ չի ունենա»,- նկատեց Աբրահամյանը,- հավելելով՝ խորհրդարանական ընտրություններին գնալու է առանձին կուսակցությամբ և թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտում գտնվող որևէ մեկն, ով կկիսի իրենց գաղափարախոսությունը, կդառնա թիմի անդամ: Այն դիտարմանը, թե առաջիկայում ստեղծվող կուսակցությունը, արդյոք նոր բիզնես է Աբրահամյանի համար, միության նախագահը վրդովմունքով պատասխանեց. «Մենք կուսակցություն չենք ստեղծում, որ նոր բիզնես անենք: Ես ամեն ինչ ունեմ և կարիերա չեմ ուզում ստեղծել: Պարզապես խիղճս տանջում է, երբ տեսնում եմ, որ աստված ինձ տվել է հնարավորություն, իսկ Հայաստանն այս վիճակում է: Հիմա իմ ունեցած ուժը ցանկանում եմ ներդնել իմ երկրի զարգացման համար»,- եզրափակեց Արա Աբրահամյանը:
