Արագածավան գյուղում աղմկահարույց սպանություններ կատարող կասկածյալը տեղափոխվեց դատարան
Այսօր, փետրվարի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի գլխավորությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը, որից հետո դատավորը գնալու խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ս. Ղազարյանը կասկածվում է փետրվարի 3-ին իր 2 համագյուղացիներին սպանելու մեջ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը: Վերջինս կասկածվում է փետրվարի 3-ին, իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացանով համագյուղացիներ՝ 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին սպանելու մեջ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին, կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզուի Արագածավան գյուղում ինչի արդյունքում 2 հոգի մահացել էր, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանապետի տեղակալներ Լաերտ Գրիգորյանի և Արշակ Ափոյանի գլխավորությամբ:
