Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ է կայացել ԱՄՆ-ում
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն: Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել են հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաեւ այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր: Միջոցառման հյուրերը բարձր են գնահատել ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։
