Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչները ահազանգում են
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Նվեր Վարդանյանը, որը 1 հեկտար ծիրանանոց ունի եւ սպասում է առատ բերքի, ասում է, որ այգու չորսբոլորը գոմաղբից ծխակույտեր է պատրաստել: «Այնպես եմ դասավորել այգու շուրջբոլորը, որ քամու ուղղությունը փոխվելիս ծուխը չկորչի, հուսամ, որ ցուրտը չի խփի, թե չէ կորած ենք»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը: Նրա խոսքով, գյուղում բոլորը միջոցներ են ձեռք առնում այգիները ցրտից պաշտպանելու համար: «Հույս ունենք, որ անցյալ տարվա նման չի լինի, հաշվի առնելով տաք ձմեռը, երեւի գարունն էլ համեմատաբար տաք կլինի, ու գյուղացիներս տուժող դուրս չենք գա»- ասաց գյուղացին: «Արդեն ջերմոցներում վարունգ, լոլիկ կա, վախենում ենք ցրտահարվի, մեր ջերմոցներն ապակիներով չեն, ցելոֆանով են պատված: Հիշում եմ՝ անցյալ տարի մոմեր էինք ջերմոցի շուրջբոլորը վառել, էս տարի նոր ենք սկսել նախապատրաստական աշխատանքներ անել»,-ասաց Արարատի մարզի Հայանիստի բնակիչ տիկին Արփենիկը: Հայանիստի գյուղապետ Բաբկեն Սարկիսյանն էլ նշեց, որ գյուղապետարանի աշխատակիցները գյուղամեջ են դուրս գալիս ու հայտարարում, որ ցրտահարություն է սպասվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել: «Այգիների մոտակա տարածքում պետք է ծուխ տան, ուրիշ տարբերակ մենք չունենք էլ: Ծիրանի այգիներ են հիմնականում, վաղահաս ծիրանենիներն արդեն ծաղկել են, նրանք արդեն ցրտահարության դեմն առնելու քայլերը ձեռնարկել են»: Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գյուղապետ Գևորգ Ներսիսյանն էլ ասաց, որ ցրտահարությունից խուսափել գյուղացին չի կարողանում. «Ինչ էլ անում է, նորից ցրտահարվում է: Ցրտահարությանը ոչ ոք չի կարող հաղթել: Եթե ցրտահարություն է լինում, գյուղը մի մարդու նման դաշտ է գնում: Դեմն առնելու համար մուխ են տալիս, եթե խորքային հորերն աշխատում են, ջուր են տալիս»:
