«Արայ» ընկերության սեփականատիրոջ 6-ամյա դուստրը դեռ շարունակում է «կռվախնձոր» մնալ...
«Արայ» ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում սպանված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մոր` Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը երկու տարի առաջ դիմել էր դատարան` թոռան խնամակալությունը վերցնելու համար: Երկու տարուց ավել ընթացող դատական նիստը, ինչպես Fnews.am-ի հետ զրույցում ասաց Տատյանա Չադենկովայի փաստաբան Նարինե Ռշտունին կարծես թե հասնում է իր հանգուցալուծմանը,
-Դատավարությունը մոտենում է ավարտին, արդեն դատաքննության փուլ ենք մտել, այնպես, որ մի երկու նիստից հետո կհրապարակվի վճիռը: Երեխան այժմ գտնվում է Հայաստանից դուրս` ՌԴ-ում` մայրիկի հետ: Նա շատ երջանիկ է Տատյանայի կողքին, իսկ փոքրիկի տատիկը` Կ. Սուքիասյանը ոչ մի ապացույց չի նրկայացրել դատարանին, ըստ որի հենց նա պետք է զբաղվի թոռան խնամակալությամբ: Դատերին էլ մենք ներկայացուցիչներով ենք լինում. ո՛չ Տատյանան, ո՛չ էլ Կարինե Սուքիասյանն այսքան ժամանակ չեն եկել դատերին:
Հիշեցնենք, որ 2011թ. ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին, եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Արմեն Պետրոսյանի մահվան փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Նշենք, որ Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան լրատվամիջոցների հետ զրույցում նշում էր, որ չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործած լիներ, եթե իհարկե, թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ չլիներ:
Տաթեւիկ Աբրահամյան
