Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայք-էջից:
Միջոցառման սկզբում Նախագահը և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդին ցնցել է Գյումրիում կատարված ողբերգությունը, և մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարեւոր գրավականներից է:
Անդրադառնալով դատական համակարգի աշխատողի օրվան` Բակո Սահակյանը նշել է, որ կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից են` հավելելով, որ դատավորների անաչառ աշխատանքով, բարձր բարոյական ու մասնագիտական հատկանիշներով է նաև մեծապես պայմանավորված արդարության պաշտպանության, իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը:
