Արցախի փրկությունը Ռուսաստանի պրոտեկտորատ խնդրելն է. Բաբուխանյան
Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ սահմանային իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
«ՆԻԿՈԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՂ, ԹԵ ԻՆՉՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԵՐԲ ՈՒ ԻՆՉՊԻՍԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
— Վերջին շրջանում ներքաղաքական հիմնական թեման ՔՊ-ականների վարքագիծն է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներ է հնչեցնում, ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնում է ՄԻՊ թեկնածուի լեզուն կտրել: Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում իշխանական բուրգում:
— Այդ փողոցային խուժանն ինձ քիչ է հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ մեր երկիրը, որն անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ քանդել, սրանք հինգ տարվա մեջ քանդեցին այնպես, որ եթե հանկարծ, չգիտեմ որ արժանիքների համար, Աստծո կամոք հնարավոր լինի պահպանել՝ որպես պետականություն, ապա տասնամյակներ են պետք, որպեսզի այս հինգ տարվա քանդածը կարողանանք վերականգնել: Ամբողջ խնդիրը սա է, իսկ թե իրենք ինչ են ասում եւ ինչ են անում, նման է անձրեւաորդերի խմբերին, որոնք ընդամենը գալարվում են: Մեզ հետաքրքիր է մեր երկիրը, մեր ազգի փրկությունը, իսկ դա որեւէ առնչություն չունի իրենց կուսակցության կամ անձերի հետ:
— Քայլ առ քայլ ադրբեջանական զինված ուժերը առաջ են գալիս…
— Երկիր, որը չունի սահման, կարելի՞ է անվանել պետություն, իհարկե՝ ոչ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ պատերազմից հետո անցած ժամանակահատվածում նշված տարածքներում չի եղել նորմալ կահավորված սահման՝ իր սահմանային զորքերով եւ այլն: Ինչո՞ւ է առանց դիմադրության հերթական մեր հողակտորը փոխանցվել թուրքերին: Իսկ այս հարցերի պատասխանները կան. ինչպես հիշում եք, Նիկոլը փետրվարի սկզբին ելույթ ունեցավ եւ առանց թաքցնելու՝ հայտարարեց, որ Եվրամիությունը գիտի, թե որն է ՀՀ սահմանը, ԵՄ ղեկավարության ներկայությամբ Հայաստանն ու Ադրբեջանն էլ համաձայն են նրանց գծած սահմանի հետ: Եվ դրանով բացատրում էր, թե ինչու է մերժում ՀԱՊԿ դիտորդական եւ խաղաղապահ առաքելությանը. ՀԱՊԿ-ն իբր չգիտի մեր սահմանը որն է, իսկ Եվրամիությունը՝ գիտի: Հիմա Եվրամիությունը գծել է այդ սահմանը, ինչի վերաբերյալ, ըստ էության, Նիկոլը վերջնականապես պայմանավորվել էր Պրահայում: Շատ հնարավոր է, որ նա Ալիեւի հետ պայմանավորվել էր ավելի վաղ, թե ինչն է հանձնելու, երբ ու ինչպիսի հերթականությամբ:
«ԺԱՄԱՆԱԿԸ ՇԱՏ ԹԱՆԿ է, ՊԱՀԱՆՋԵ՛Ք ՁԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ԴԻՄԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»
— Ո՞րն է ԵՄ-ի գծած սահմանը, որ Տեղ գյուղից այն կողմ մերը չէ՞…
— Դա Նիկոլից պետք է հարցնել, թե իրենք որ սահմաններն են գծել, բայց ակնհայտ է՝ պայմանավորվածություն կար, որ ադրբեջանցիները գալու են եւ կանգնեն ինչ-որ դիրքերի վրա, իսկ Հայաստանը չպետք է դրան դիմադրի: Թե էլ ինչ կտորներ է Հայաստանից պոկել Եվրամիությունը եւ թողել Ադրբեջանին, մոտակա ժամանակահատվածում դեռ ականատես կլինենք: Եվ քանի որ ՀԱՊԿ-ը համաձայն չէր Եվրամիության գծած սահմանների հետ, Նիկոլը դրա համար չի թողնում, որ ՀԱՊԿ դիտորդները գան, որովհետեւ այդ դեպքում Նիկոլի պայմանավորվածությունը կխախտվի: Հենց այստեղ է գաղտնիքը: Երբեմն Նիկոլը լինում է շատ անկեղծ, ինչպիսին փետրվարի սկզբին իր ասուլիսին էր: Նա գնաց Պրահա, եկավ ու մերժեց ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, հրավիրեց այստեղ ԵՄ դիտորդական խմբին, որը, ինչպես տեսնում եք, դիտում է միայն այն, թե ինչպես են ադրբեջանցիները զավթում այս կամ այն տարածքը, սպանում մեր զինվորներին: Որեւէ մեկը չտեսավ դրանց ներկայության ո՛չ օգուտը, ո՛չ նպատակը, ո՛չ արդյունավետությունը:
— Իսկ շրջափակման մեջ գտնվող արցախցիների վիճակն ավելի բարդ է: Ադրբեջանը պաշտոնապես ասում է, որ ճանապարհը կբացվի նրանց համար, ովքեր կհամաձայնեն դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ՝ ադրբեջանական անձնագրերով… Հայաստանն այլեւս ի վիճակի՞ է ինչ-որ բան անել Արցախի համար:
— Հայաստանն այսօր, որպես երկիր, չունի սուբյեկտայնություն: Դրա համար դիմում եմ արցախցիներին՝ ձեր միակ փրկությունը կլինի այն, որ շտապ ԱԺ արտահերթ նիստ գումարեք, դիմեք Ռուսաստանին, որպեսզի վերջինս պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ եւ տրամադրի արցախցիներին ՌԴ քաղաքացիություն, այլ ճանապարհ չկա: Բոլոր այլ ճանապարհները տանելու են դեպի Ադրբեջան կամ դեպի պատերազմ: Օրերը շատ թանկ են, պահանջե՛ք ձեր պատգամավորներից, որպեսզի հավաքվեն եւ ԱԺ որոշումով դիմեն ՌԴ-ին: Ռուսաստանը Արցախը կարող է վերցնել իր պրոտեկտորատի տակ, քանի որ Արցախը Սովետական միության սահմանադրական սուբյեկտ է, իսկ Ռուսաստանը Սովետական միության իրավահաջորդն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միակ լուծումը ՀԱՊԿ առաքելության տեղակայումն է, որը պետք է օր առաջ հրավիրվի: Հայաստանի իշխանության կողմից որեւէ այլ գործողություն դավաճանություն է, որը պայմանավորված է Ադրբեջանի եւ Եվրամիության հետ:
«ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ»
— Այսօր տարբեր հարթակներից այլ առաջարկներ էլ են հնչում. օրինակ, որ Հայաստանը հիմա պետք է ճանաչի Արցախի անկախությունը, բացի Բերձորի միջանցքը, եւ հեռացնի օրվա իշխանությանը:
— Դե թող գնային բացեին ճանապարհը, Նիկոլին էլ հեռացնեին, ինչո՞ւ չարեցին: Իրենց հավաքվելուց հետո՝ Նիկոլն իր տեղը նստած է, միջանցքն էլ փակ է: Չի՛ կարելի զբաղվել, մեղմ ասած, խաբեությամբ, առավել ես, երբ այն վտանգավոր է: Երբ դու ասում ես՝ ճանաչենք Արցախի անկախությունը, պետք է հաջորդ քայլն իմանաս, որ դրանից հետո պետք է կարողանաս պաշտպանել այդ անկախությունը: Այսինքն՝ զորքդ տանես, կանգնեցնես: ՀՀ ուժերն այսօր չեն բավարարում, որպեսզի Հայաստանը նույնիսկ ինքն իր սահմանները պաշտպանի, ուր մնաց` գնա հասնի Արցախ, անհնար է: Հասկանալի է չէ՞, որ եթե Նիկոլի «Արցախը Հայաստան է եւ վերջ» մի արտահայտությունից հետո պատերազմ սկսվեց, ապա ինչ կլինի, եթե Հայաստանը պետականորեն ճանաչի Արցախի անկախությունը: Դրանից 15 րոպե հետո Ադրբեջանը ստանալու է լեգիտիմ պատրվակ պատերազմ սկսելու եւ իրականացնելու այն, ինչ ծրագրել է Ալիեւը: Չի բացառվում, որ սա հենց Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների շրջանակում է, այսինքն՝ սկսի ագրեսիա, որը ավարտվելու է Հայաստանի հսկայակական տարածքների կորստով եւ ահռելի զոհերով: Մարդիկ, որոնք հիմա նման հայտարարություններ են անում, թող նախ ասեն, թե իրենք ի՞նչ էին անում արցախյան առաջին եւ երկրորդ, ապրիլյան պատերազմի ժամանակ, որտե՞ղ են իրենց երեխաները հիմա, ո՞վ է գնալու կռվելու: Երբ այս հարցերին կպատասխանեն, մենք կարող ենք առարկայական քննարկել: Ամեն ասված խոսքին պետք է հաջորդի պատասխանատվությունը՝ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին են դա անելու: Երբ նման հայտարարություններ են անում մարդիկ, որոնք չեն կարող դա իրականանցել, բայց իրենց հայտարարությունների հետեւանքով տալիս են թշնամուն առիթ` սկսելու պատերազմ, վտանգավոր է: Նույնքան վտանգավոր է, որ նման պահանջներով ամրապնդում են Նիկոլի իշխանությունը:
— Ի՞նչ առումով:
— Եթե նման հայտարարություններ անեին 5 կամ 10 տարի առաջ, քննարկելու հարց էր, որովհետեւ կար բանակ, այսօր սա էքստրեմիստական պահանջ է: Եվ ստացվում է, որ Նիկոլի համեմատ նրանք դառնում են էքստրեմիստներ, իսկ աշխարհում ոչ մի երկիր չի ուզում գործ ունենալ էքստրեմիստների հետ: Այդ դեպքում ստացվում է՝ Նիկոլը շատ ավելի հավասարակշիռ գործիչ է, դրանով էլ ամրապնդում են իր իշխանությունը: Ո՞ւմ հասկանալի չէ, որ Ռուսաստանի համար նման պահանջը նշանակում է իր դեմ երկրորդ ճակատ բացել, ինչը կատեգորիկ անընդունելի է ՌԴ-ի համար եւ պետք է Արեւմուտքին: Հիմա հարց եմ տալիս ՝ արդյոք չեն գիտակցում այն մարդիկ, ովքեր այդ պահանջով փորձում են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու առիթներ տալ: Դրա համար ցանկացած քաղաքական գործիչ, որը առաջ է բերում ինչ-որ գաղափար եւ ցանկացած հայ քաղաքացի, որը գնում է դրա հետեւից, թող հիշի Նիկոլի գալու օրերը, երբ հնչում էին ծայրահեղական պահանջներ, որոնք բերում էին բավականին ստվար զանգվածների աննորմալ պահվածքի, ընդհուպ հասուն մարդիկ կաթսաներ էին շխկշխկացնում: Սա բերեց երկրի կործանմանը: Հետեւապես, մտածեք` ինչ եք անում, եւ ցանկալի է՝ գլխով:
— Բայց շարքային ընդդիմադիրները համարում են, որ հնարավոր բոլոր համախմբումներն՝ անկախ նրանից, թե պահանջների ինչ հերթականությամբ, ավելի լավ են, քան ձեռքները ծալած նստելը:
— Այդ ձգումը ինչ-որ բան անելու, երբեմն բերում է շատ ավելի վատ հետեւանքների, քան ոչ մի բան չանելը: Օրինակ` Նիկոլին իշխանության բերելու ժամանակ մարդկանց թվում էր, որ իրենք ինչ-որ բան անելով՝ պետք է բարելավեն երկիրը: Լավ կլիներ ոչ մի բան չանեին, մենք այսօր կունենայինք Արցախ, ազատագրված տարածքներ, կայուն իրավիճակ Սյունիքում, Գեղարքունիքում եւ կունենայինք շատ ավելի լավ տնտեսություն: Բայց կային մարդիկ, որոնց թվում էր, որ իրենք պետք է ինչ-որ բան անեին, իրենց անելով՝ սկսեցին քայքայել երկիրը եւ դարձան հինգ հազար զինվորի մահվան պատճառ: Ի դեպ, իրենք այս ամենից չտուժեցին, ինչպես Երեւանի կենտրոնում արեւածաղիկ չրթելով միտինգների էին մասնակցում, այդպես էլ մնացել են ու հիմա էլ են ուզում ինչ-որ բան անել: Իրենց չի հետաքրքրում, թե այդ ինչ-որ բան անելու հետեւանքով ինչ կփոխվի եւ դեպի որ կողմ՝ դեպի լավ, թե՝ դեպի վատ: Իսկ թե ինչ անել, կրկնում եմ՝ Արցախը պետք է դիմի Ռուսաստանին, եւ ՀՀ-ում պետք է ձեւավորվի պարզ եւ ընկալելի գաղափարախոսություն, որ միակ փրկությունը Ռուսաստանի հետ միութենական պետություն ձեւավորելն է: ՀՀ-ն մնալով այսպիսի անտեր ու թշվառ վիճակում՝ ամեն օր մոտենում է իր վախճանին, պատերազմն անխուսափելի է դառնում: Մինչդեռ այսօր Բելառուսում, որը Միութենական պետության մեջ է, Ռուսաստանը տեղադրում է ատոմային զենք, շատ բարձր կարգի այլ զինատեսակներ եւ այնքան զորք է կուտակել, որ Բելառուսի անվտանգությունը երաշխավորված է: ՀՀ անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը կարող է երաշխավորված լինել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանը դիմի եւ անդամագրվի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.