Արցախում զոհված զինծառայողին հուղարկավորել են զինվորական կարգով
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանի հուղարկավորությունը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ Գարիկին հուղարկավորել են զինվորական կարգով:
«Շատ-շատ մարդ էր եկել, Գարիկի հրամանատարներն էլ էին եկել: Պատվով ու հարգանքով հողին հանձնեցինք մեր զինվորին»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել էր զոհված զինծառայողին:
