Արդարացման դատավճիռը բեկանվել է. Դատարանը մասնակի բավարարել է դատախազի բողոքը
Փաստինֆոն գրում է. Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է մեղադրող դատախազի բողոքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու գործով կայացված արդարացման դատավճռի դեմ եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանի և Ա.Հայրապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու համար առաջադրված մեղադրանքում՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Մինչդեռ դատախազի գնահատմամբ՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է եւ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանին և Ա.Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկման ձևով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վերաքննիչ դատարանը, սակայն, դատախազի բողոքը մասնակի է բավարարել. բեկանել է դատական ակտը, սակայն գործն ըստ էության լուծող դատական ակտ չի կայացրել եւ գործը նորից ուղարկել է առաջին ատյանի դատարան։
Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ամբաստանյալների, տուժողի, վկաների ցուցմունքները, դրանք համադրելով գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված, ներքին համոզմամբ հանգել է այն հետևության, որ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները` ամբաստանյալներ Մ.Բաղդասարյանին և Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնելու վերաբերյալ, հիմնավորված չեն, չեն բխում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
