Արդարադատության կապիտանը Երեւանում «Շանթ» ռեստորանի մոտ խոշոր ավտովթարի հեղինակ, կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երեւանի Արզումանյան փողոցի 19 շենքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կնյազյանը Ջանիբեկյան եւ Վշտունի փողոցի խաչներուկներում «Շանթ» ռեստորանային համալիրի մոտ իր վարած Mersedes մակնիշի 25 ՍՏ 300 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, ընդհարվել խաչմերուկի անկյունում գտնվող ցայտաղբյուրի ցանկապատին, տապալել այն եւ գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Դ. Կնյազյանը եւ նրա ուղեւորներ Երեւան քաղաքի Արզումանյան 19 շենքի բնակիչ, 29-ամյա Ժաննա Ավետիսյանը, Երեւան քաղաքի Լենինգրադյան 48/3 շենքի բնակիչներ 27-ամյա Լիաննա Դանիելյանը եւ 4-ամյա Կատրին Ավետիսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Կ. Ավետիսյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին եւ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով դուրս են բերել վիրավոր ուղեւորներին եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխել են: Իսկ վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել հրշեջ-փրկարարաները:
