Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ողջունել է բոլորին և ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:
Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, www.notarius.am նոր կայքի գործարկումը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Մեր որդեգրած քաղաքականությունը ոլորտի զարգացման առումով պահանջում է էլ ավելի մեծ ջանքեր և նվիրվածություն:
Հաշվի առնելով, որ համակարգը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության՝ ի դեմս նախարարի, փոխնախարարների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, գիտակցում ենք, որ այժմ, քան երբևէ, մենք ունենք ծանրակշիռ օժանդակություն՝ ուղղված ՀՀ նոտարական համակարգի զարգացմանը, դրա դերի և հեղինակության էլ ավելի բարձրացմանը:
Այս ամենը մեզ պարտավորեցնում է լինել առավել աչալուրջ, խորությամբ ուսումնասիրել առկա խնդիրները և համակարգային լուծումներ առաջարկել դրանց վերաբերյալ»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և ընդգծել, որ համակարգի աշխատանքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են լինելու:
Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ բնակչության դրական գնահատանքին արժանանալն է:
«Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում: Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է Արդարադատության նախարարը:
