«Արդարադատություն»` հանուն Սամվել Բաբայանի ազատության
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին ցուցմունք է տվել առանցքային մեղադրյալ, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը՝ հայտարարելով, որ ինքն է ցանկացել ձեռք բերել «Իգլա» զինատեսակը՝ բանակին նվիրելու նպատակով։ Գաբրիելյանը պատմել է, որ որպես զինամթերքի լավ գիտակի՝ խորհրդի համար դիմել է Բաբայանին, պարզելու՝ արդյոք պիտանի՞ է Հայաստան բերված զենքը։ Բաբայանն էլ ասել է, թե այն պակասող բաղադրիչներ ունի, այս վիճակում ընդամենը պահեստամաս է։ Սամվել Բաբայանը, ըստ այսօր տրված ցուցմունքների, զենքի ձեռքբերման հետ որևէ առնչություն չունի։ Ավելին՝ այսօր Բաբայանը դատարանում նույնիսկ ասել է, թե Սանասար Գաբրիելյանին զգուշացրել է, որ դա քրեորեն պատժելի արարք է։
Ինքնին հասկանալի է, որ այսօր ներկայացված սցենարն արժանահավատ լինել չի կարող գրեթե ոչ ոքի, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր հետևել են խորհրդարանական քարոզարշավի ընթացքին ու տեղյակ են, որ, այսպես կոչված, «Իգլայի» գործը «ջրի երես» է դուրս եկել հենց այն պատճառով, որ իշխանությունների թիրախում հայտնվել էր Սամվել Բալասանյանը, որը ՕՐՕ դաշինքի փաստացի առաջնորդն էր և, ըստ հավաստի լուրերի, ՕՐՕ-ի և Ռոբերտ Քոչարյանի կապավորը: Համենայնդեպս, մի շարք քաղաքական ուժերի հետ բանակցություններում Բաբայանն այս փաստը ոչ միայն չի թաքցրել, այլ նույնիսկ այն օգտագործել է որպես հաղթաթուղթ: Իշխանությունները հասցրեցին Սամվել Բալասանյանին մեկուսացնել ավելի վաղ, քան ՕՐՕ-ն իրականություն կդարձներ իր խոստացած իշխանափոխությունը: Դժվար է իրավական հարթության վրա պնդում անել, թե ինչքանով է իրական կամ մտացածին «Իգլայի» գործը: Համենայնդեպս, նախաքննության ընթացքում և դատավարության մեկնարկից Բաբայանը կտրականապես հրաժարվեց գործի քաղաքականացումից՝ չնայած այն համառությանը, որով ՕՐՕ գործիչները նրան քաղկալանավոր էին համարում: Դեռ դատավարության մեկնարկին մենք կանխատեսել էինք, որ Սամվել Բաբայանի դատավարական ինքնավստահությունն ու Սերժ Սարգսյանին հասցեագրված անուղղակի ուղերձները հուշում են, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարին քաղաքական աղմուկ պետք չէ, և նա առաջնահերթ է համարում իր ազատության խնդիրը` կոմպրոմիսներ փնտրելով Սերժ Սարգսյանի հետ: Այսօրվա դատական նիստի շրջադարձը խոսում է մեր վարկածի օգտին. փորձ է արվում Սամվել Բաբայանի վրայից «մաքրել» «Իգլայի» պատմությունը, մյուս կողմից` այդ պատմությունը դառնալու է իմաստազուրկ` առանց Բաբայանի:
Ըստ ամենայնի՝ շատ շուտով մենք Սամվել Բաբայանին կտեսնեք ազատության մեջ` այս անգամ Սերժ Սարգսյանին «ծառայություն» մատուցողի կարգավիճակում:1in.am
