«Արդեն չեմ բացառում, որ հակառակորդը կկիրառի նաեւ թնդանոթներ».ադրբեջանագետ
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանն ասում է, որ Բաքվի ախորժակը բացվել է. եթե նախկինում կրակոցները հրաձգային էին, այնուհետև ականանետերի ու նռնականետերի, ապա այժմ անցել են տանկային հարձակման: «Արդեն չեմ բացառում, որ հակառակորդը կկիրառի նաև թնդանոթներ: Լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի է և սխալ են այն հավաստիացումները, թե պատերազմ հնարավոր չէ: Այդ ուղղությամբ նրանք այսքան տարի պատրաստվել են»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը: Նա այն կարծիքին է, որ հակառակորդին չպետք է թույլ տանք, որ ուշքի գա: «Պետք է գործել, բայց միևնույն ժամանակ պետք է ռազմական ինֆորմացիան փակ պահել ընդհանրապես և հանրությանը պատրաստել պատերազմական դրության և մարդկային կորուստների»,-ասաց Այվազյանը: Նա խորհուրդ է տալիս չհետևել Ադրբեջանի օրինակին: «Պետք չէ Ադրբեջանին կրկնել, նրանց մոտ այսպես է, նրանք զոհերի թիվը թաքցնում, են, եթե 21 հոգի զոհվում է ռազմական գործողության արդյունքում, օրերով պահում են, քիչ քիչ տեղեկացնում, թե այսինչ զինծառայողը դժբախտ պատահարից զոհվեց, այնինչը` մեկ այլ բանից: Այս նույն բանը մեզ մոտ է այժմ տեղի ունենում, մենք ամեն օր նոր զոհի մասին ենք իմանում, պետք չի ամեն օր տեղեկություն տալ զինվորի մահվան մասին: մարդկանց մոտ պանիկա է առաջանում, կարծում եմ, որ այս տեղեկությունը պետք է փակ պահել»,-ասաց ադրբեջանագետը:
