Արգամ Աբրահամյանը ասֆալտի փոխարեն շեբենապատել է Արտաշատի բակերը. բնակիչները դժգոհում են
Եթե Հայաստանում նախընտրական շրջանում թեկնածուները հիմնականում աչքի են ընկնում ասֆալտապատման աշխատանքներով, ապա Արտաշատի նորընտիր քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին այդ հարցում մի քիչ ավելի տարբերվող և նորարարական մոտեցում է ցուցաբերել, և Արտաշատում ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական ժամանակահատվածում քաղաքի փողոցները ու բակային տարածքները ոչ թե ասֆալտապատվել են, այլ շեբենապատվել: Սակայն հատկապես բակային տարածքներում, շենքերի բակերում թափված շեբենը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում ինչպես բնակիչներին, այնպես էլ վարորդներին:
«Ախր, որտեղ եք տեսել, որ շենքի բակում շեբեն լցնեն: Ամբողջ օրը երեխաները խաղում են բակում, վազում են, ու հիմա վախենում ենք՝ ընկնեն էդ քարերի մեջ վնասվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բողոքեցին Արտաշատի շուկայի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները:
Նրանց խոսքով՝ բակերը իբր բարեկարգելու անվան տակ լցված շեբենը դժվարացնում է նաև մեքենաների տեղաշարժը, ու եթե մեքենաները բակում մի քիչ արագ են քշում, ապա ամբողջ այդ հողը, քարը ցրվում է բակով մեկ:
«Երևի Հովիկ Աբրահամյանի որդու ձեռքը քարի տակ է, փող չունեն, որ ասֆալտ անեն: Հենց ընտրություն ա լինում, մարդիկ ուրախանում են, մտածում են՝ գոնե մի լավ բան կարվի քաղաքի, ժողովրդի համար: Մեր միակ օգուտը դա պետք ա լիներ, բայց պարզվում ա՝ ասֆալտի էլ արժանի չենք: Մեզ շեբեն ա հասնում: Երկու կոպեկ չունեի՞ն, որ բակերն ասֆալտապատեին»,- զայրացած հավելեցին մեր զրուցակիցները:
մանրամասն` այստեղ:
