Արգել գյուղում սպանված Սայադյանի եղբայրը նոր մանրամասներ է ներկայացնում
Fnews.am-ը անդրադարձել էր դեկտեմբերի 11-ին` Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությանը, երբ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ` Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին` սպանելով նրան: Միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին, ով կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը:
Դեպքի մասին առավել մանրամասն, ինչպես նաեւ խնամիների միջեւ առաջացած վեճի պատճառների մասին Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում մեզ պատմեց փեսայի կողմից սպանված Սայադյանի մեծ եղբայրը` Սահակը, ով նշեց, որ եղբայրը մեկ շաբաթ առաջ էր ՌԴ-ից վերադարձել Հայաստան, իսկ փեսայի հետ չորս տարի առհասարակ չի շփվել, քանի որ չորս տարի առաջ կոնֆլիկտ են ունեցել.
-Սա չորս տարի առաջվա եղբորս եւ իր փեսայի միջեւ վիճաբանության` լեզվակռվի հետեւանքն էր: Էս չորսը տարիների ընթացքում, ոչ փեսան, ոչ հայրը, ոչ մայրը այստեղ չեն եկել: Եղբայրս ութ ամիս ՌԴ-ում էր. նոր էր վերադարձել, վերադառնալուն պես ցանկացել է զանգել խնամուն` փեսու հորը, որ իմանա ինչպես են, ու այդտեղից, կրկին շարունակվել է վեճը: Հետո հանդիպել են եւ վեճը նոր թափ ստանալով շարունակվել է, արդյունքում եղբայրս սպանվել է, իսկ եղբորս որդին վնասվել:
- Իսկ չորս տարի առաջ ինչի՞ համար են վիճաբանել Ձեր եղբայրն ու փեսան:
- Տունը առիթ է եղել, արդեն սպանված եղբայրս փեսային ասել է գնա դինամիկները բեր, որ երաժշտության ձայնը բարձր հնչի: Փեսան բերել դինմամիկները դրել է, սակայն ձայնը այնքան էլ բարձր չի եղել, եղբայրս հայհոյել է` ասել է քո սենց-նենցը, որ բերել ես ձայն տուր: Դա եղել պատճառը, որ փեսան դրանից հետո` չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ չի եկել: Խոսում են, թե թշնամություն ենք ունեցել եւ այլն, բայց եղբայրս հիշաչար չէր, իր թոռնիկներին իրենից շատ էր սիրում, միշտ աղջկա գալուց(փեսան ու հայրը չէին գալիս էդ դեպքից հետո) նվերներով էր ճանապարհում, էլ չեմ ասում ֆիննանսական աջակցության մասին:
Ավելի վաղ գրել էինք. «Խնամիներից մեկին դուր չի եկել մյուսի հեռախոսով խոսելու տոնը, զանգել է ժամադրել հարցեր պարզելու համար: Արդյունքում ալկոհոլի ազդեցության տակ խնամիները սկսել են թունդ վիճել, փեսան էլ խառնվել է, որ բաժանի, հանդարտեցնի վեճը, բայց վեճն այնքան է թեժացել, որ փեսան հանել է դանակը եւ առանց հասկանալու, թե ինչ է անում նախ դանակահարել է աներոջը, ապա աներորդուն: Աները մահացել է, իսկ որդու վիճակը բավարար է», -Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լուսակերտում երեկ տեղի ունեցած վիճաբանությանը, որն ավարտվել է կողմերից մեկի սպանությամբ,-ասաց Արզականի գյուղապետ ՆՈՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, հավելելով, որ խնամիները սովորաբար հաշտ են եղել, երբեւէ վեճեր չեն ունեցել:
Տաթեւիկ Աբրահամյան
