Արմեն Աշոտյանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը.
«Ես դրական եմ վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները` մենք ստեղծեցինք բոլոր հիմքերը Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելու առավել բաց եւ առավել ճկուն։ Այժմ քաղաքական համակարգը կբարեփոխվի եւ կբարելավվի առաջին հերթին քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ: Այս տեսանկյունից գալիք ընտրությունները կարեւորագույն նշանակություն ունեն մեր կողմից առաջ քաշված զարգացման ուղեգծի իրականացման համար։ Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ ասելիք ունի ժողովրդին եւ կարող է պատշաճ ներկայանալ տրամաբանված ծրագրով, իրավունք ունի փորձել իր ուժերը գալիք ընտրություններում, եւ դա ողջունելի է:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ընտրություններին մասնակցելու հայտ էր, եւ այն կարող է օգուտ բերել քաղաքական մրցակցությանը՝ անկախ այն բանից, որքանով ենք մենք համաձայն հայտարարության մեջ տեղ գտած դիտարկումների հետ, անկախ այն բանից, որքանով են իրենք համաձայն մեր հստակ դիտարկումների հետ:
Կարծում եմ՝ սպասվում է հետաքրքիր մրցապայքար»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ լայն դաշինքով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:Slaq.am
