Արմեն Երիցյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետների հետ
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետների հետ: Այս մասին տեղեյացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:
ՏԿԱԻ նախարարն իր մտահոգությունը հայտնեց վերջին շրջանում գրանցված գնաճի վերաբերյալ և մարզպետների հետ քննարկեց մարզերում ստեղծված իրավիճակը, գների կայունացման գործընթացը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարար Երիցյանը մարզպետներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման` հատկապես պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը` կանխելով չարաշահումներն ու շահարկումները:
Քննարկվեցին մարզպետների լիազորությունների, տարածքային կառավարման համակարգի, մարզերում տեսչական գործունեության աշխատանքների համակարգման, համայնքներին հատկացվող դոտացիաների վերաբերյալ մարզպետների ներկայացրած առաջարկությունները:
Բարձրացված հարցերը քննարկելու և ներկայացված առաջարկություններն ամփոփելու նպատակով Ա. Երիցյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ:
