Առնվազն երկու համայնք նոր գյուղապետ կունենա
Նախօրեին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 գյուղական համայնքներում կայացել են համայնքապետի ընտրություններ:
Գործող համայնքապետերից վերընտրվելու ցանկություն են հայտնել 16-ը: Ընդ որում՝ նրանցից 8-ը քվեարկվել են առանց մրցակցի:
Միակ համայնքը, որտեղ գործող գյուղապետը չի առաջադրվել, Գեղարքունիքի մարզի Աղբերքն է:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված նախնական արդյունքների՝ վերընտրվելու հայտ ներկայացրած 16 գյուղապետերից առնվազն 14-ը վերընտրվել են, ընդ որում՝ նրանցից 8-ը, ինչպես նշել ենք՝ առանց մրցակցի:
Եվս մեկ համայնքում՝ Գեղարքունիքի մարզի Ակունքում, գործող գյուղապետը, թեև իր 3 մրցակիցներից առավել ձայներ է ստացել, սակայն այստեղ գործող գյուղապետի հաղթանակի մասին միանշանակ խոսել հնարավոր չէ, քանի որ գործող գյուղապետի և նրա մրցակիցներից 2-ի քվեների տարբերությունը փոքր է և զիջում է անվավեր քվեաթերթիկների քանակին: Քվեարկության արդյունքները չբողոքարկվելու դեպքում այս համայնքում ևս գործող գյուղապետը կհամարվի ընտրված:
Միակ պարտվածը Տավուշի մարզի Վարագավանի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սամվել Մանուչարյանն է: Նա ստացել է 219 քվե, իսկ նրա մրցակիցը՝ ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Աբրահամյանը՝ 256 քվե:
Գեղարքունիքի մարզի Աղբերքում, առանց գործող գյուղապետի, մրցապայքարին մասնակցել 3 ինքնառաջադրված անկուսակցական: Նախնական արդյունքներով՝ առավել ձայներ է ստացել ՀՀԿ անդամ Վասիլ Աղասարյանը:
