Արտակարգ դեպք Արմավիրում. 6–ամյա տղան խմել է խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը
Արմավիրի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր` սեպտեմբերի 5–ին։ 6-ամյա տղան պատահաբար խմել է խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը։
«Առավոտյան թույնը վերցրել էի, որ տանեի, բաղը սրսկեի, ձեռքը գցեց, իմացավ, թե կոլա ա, խմեց: Տարանք Արմավիրի հիվանդանոց, այնտեղից էլ բերել ենք Երեւան»,- NEWS.am-ին ասաց երեխայի հայրը։
Երեխան այժմ գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք երեխային արդեն ներարկել են ֆոսֆորօրգանական միացության հակաթույնը, որը գտել են իրենց միջոցներով, քանի որ այդ հակաթույնը Հայաստան չի ներկրվում առողջապահության նախարարության պատվերով։
«Այդ դեղորայքը Հայաստանում ընդհանրապես չկա, գրանցված դեղորայք չի, դա մենք ձեռք էինք բերել մեր կապերի միջոցով»,– ասաց բժիշկը։
մանրամասն՝news.am-ում
