Արտակարգ և ողբերգական դեպք Գեղարքունիքում
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Հայրիվանք գյուղի մոտ, ալիքի հետևանքով նավակ է շրջվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` նավակում գտնվել են 3 հոգի, որոնցից 1-ը Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչ Մանուչարյանը, ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ մյուս 2-ը անհայտ կորել են: Այս պահին Սևանա լճում աշխատում են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները` մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների ինքնությունը:
