Արտաշատում աներորդիներին կրակած փեսան կամավոր ներկայացել է ոստիկանություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ երեկ Արտաշատում տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ավարտվել էր կրակոցներով։ Կրակոցներից տուժածները եղբայրներ են, իսկ կրակողը՝ նրանց փեսան։ Այսօր մեզ հայտնի դարձավ, որ կրակոցներ արձակողը՝ Գրիգոր Ռուբենյանը, կամավոր ներկայացել է ոստիկանություն։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև Ոստիկանության լրատվական վարչությունից։ Նշենք, որ հրազենային վնասվածքներ ստացած եղբայրներ Աշոտ և Արմեն Բաղդասարյանները գտնվում են «Մալաթիա» բժշկական կենտրոնում, նրանց վիրահատել են։
