Արթուր Սաքունցը ոստիկանության կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու հարց ունի
Փաստինֆոն գրում է. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, ով օրերս կառավարության որոշմամբ ընդգրկվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում, արդեն իսկ հանձնաժողովին ներկայացնելու հարց ունի:
«Հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցների ոչ պատշաճ պահվածքի հետ կապված հարց անպայման քննարկելու ենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը` հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ հանձնաժողովը գոնե մեկ անգամ նիստ կգումարի:
Հիշեցնենք, Արթուր Սաքունցը հանձնաժողովում փոխարինելու է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արման Դանիելյանին, ով մեկ ամիս առաջ է դուրս եկել դրա կազմից: Իսկ դուրս գալուց առաջ հանձնաժողովի քննարկմանն էրներկայացրել հենց հավաքների հարցը:
Նա հայտնել էր, որ այս տարվա մայիսից` իր անդամակցությունից ի վեր, հանձնաժողովը որեւէ ծառայողական քննություն չի իրականացրել, մինչդեռ ինքը բազմաթիվ տեսանյութեր էր ներկայացրել, որոնցում երեւում էր, թե ինչպես էին հունիսի 23-ին` Սարյան 22 հասցեում կազմակերպված հավաքի ընթացքում, ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի պահպանման ժամանակ բռնություն գործադրում ցուցարարների նկատմամբ:
Ի պատասխան, ըստ Արման Դանիելյանի, հանձնաժողովից իրեն հայտնել էին, որ նիստեր գումարվում են միայն կարգապահական կոպիտ խախտումներ ի հայտ գալու դեպքում, ուստի` եթե այդ դեպքերով իրականացվող ծառայողական քննության արդյունքում կոպիտ խախտում հայտնաբերվի, նիստ կգումարվի:
մանրամասները` սկզբնաղբյուրում
