«Արվեստ սուրճի նստվածքից». բացառիկ ցուցահանդես
Հոկտեմբերի 25-28-ը «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճի նախասրահում կկայանա յուրահատուկ արվեստի ցուցահանդես: Նկարիչ-դիզայներ Նիկոլայ Միրումյանը նկարում է՝ օգտագործելով բացառապես սուրճի նստվածքը: «Ամեն ինչ սկսվեց 2008 թվականից, երբ ես Հայաստան այցելեցի: Այդ ժամանակ ես, «ստիպված», սովորեցի բնական սուրճ ըմպել: Առաջին նկարները պատահական կետեր էին, որոնցում ես փորձել էի պատկերել ուրվագծեր և պատկերներ: Ես պարզապես նստվածքը լցրել էի թղթի վրա և նայում էի: Սովորաբար ես այդպես էի անում, երբ բաժակում սուրճի նստվածք էր մնում: Հետո սկսեցի այդ կետերին որոշակի ձևեր հաղորդել»,- ասում է նա: Վերջին տարիներին կատարելագործելով իր հմտությունները՝ Նիկոլայը հիմնականում նկարում է մարդկանց և... նրանց զգացմունքները: Նկարների շարքում կան նաև յուրահատուկ աբստրակցիաներ, իրեր և կենդանիներ: Նիկոլայ Միրումյանի արվեստի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել նրա աշխատանքների ֆոտոշարքը: ՌԴ Կրասնոդար քաղաքում բնակվող այս տաղանդավոր նկարիչի արվեստը բարձր գնահատվեց «Ռոյալ Արմենիա» ընկերության կողմից: Որոշում կայացվեց աջակցել նրան և առաջին անգամ Հայաստանում կազմակերպել Նիկոլայ Միրումյանի անհատական ցուցահանդեսը: Չորս օր շարունակ բոլոր ցանկացողները կարող են ազատ այցելել «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահ և տեսնել նրա աշխատանքների բնօրինակները: Իսկ ժամը 19:00-23:00-ն այցելուները կարող են նաև անվճար համտեսել «Ռոյալ Արմենիա» սուրճի ողջ տեսականին: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին ժամը 19:00-ին:


