«Աստված զոհեց իր միածին որդուն՝ մեր մեղքերը մաքրելու համար».Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան.Photo,Video
Այսօր մեր տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Զատիկը։ Անչափ կարևոր է այս լուսավոր տոնի խորհուրդը, որն ամփոփված է նաև անվան մեջ։ Այս օրը յուրաքանչյուր քրիստոնյա զատվում, հեռանում է մեղքերից։ Որպես առաջին քրիստոնյա պետության քաղաքացիներ՝ առավել քան կաևոր ու պարտավորեցնող է տարին գոնե մեկ անգամ հաշվետու լինել սեփական անձի և Աստծո առջև՝ մեր ապրած կյանքի, հոգևոր պահանջների և ցանկությունների ազնվության համար, ազատվել այն արատներից, որոնք խոչընդոտում են մեր կառուցողական մտքին ու գործին, կասեցնում մեր ազնիվ ընթացքը։
Այսօր, Ֆորում մամուլի ակումբում ավագ շաբաթվա և Քրիստոսի հրաշափառ հարության տոնի մասին խոսեցին հոգևոր հովիվ Տեր Շմավոն Ղևոնդյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
«Զատիկը ողջ քրիստոնյա աշխարհի հավատամքն է: Հարության հույսով և հավատքով է քրիստոնյան քրիստոնյա: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ Աստված զոհեց իր միածին որդուն՝ մեր մեղքերը մաքրելու համար: Այս օրը չարի խափանման և բարու հաղթանակի օր է»,- այսպես նկարագրեց Սուրբ Զատկի Տոնը Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ իր հերթին նկատեց, որ Վերջին հարյուրամյակում Զատիկը շատ վայրէջքներ է ունեցել: Մարդիկ այս հիանալի տոնը շուքով չէին նշում Խորհրդային միության արգելքների պատճառով: Հիմա տարեցտարի Հարության տոնը վերելք է ապրում՝ ամրապնդելով մեր ժողովրդի հավատքը.« Ոչ միայն Զատիկը, այլև ողջ Պահքի շրջանը և ավագ շաբաթը համարվում են տարվա այն հատվածը, որ մարդ պետք է ինքնամաքրվի»:
Տեր Շմավոն Ղևոնդյանն էլ ավելացրեց, որ Պահքը ոչ միայն այն է, երբ կենդանական սնունդ չեն ուտում, այլ այն երբ փորձում են վերջ դնել վատ սովորություններին՝ հետագայում դրանք ոչ մի դեպքում չկրկնելով: «Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա»:
Թեմայի շուրջ առավել մանրամասն՝առաջարկվող Տեսանյութում:
